Համաշխարհային ֆուտբոլի լեգենդար ակումբներից մեկի` անգլիական «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզչի պոստից նույնքան լեգենդար սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո թիմն այդպես էլ խելքի չի գալիս: Մարզասերը մեծ հույսեր է կապում Լուի վան Գալի հետ, ով Հոլանդիայի ընտրանին աշխարհի վերջին առաջնությունում հասցրեց փոխչեմպիոնական բարձունքի: Սակայն ցավն այն է, որ հեղինակավոր այս մարզիչն էլ դեռևս լուրջ բան չի կարողանում անել թիմի հետ, որը նրա գլխավորությամբ անցկացված պաշտոնական չորս հանդիպումում էլ պարտություն է կրել:
Որքան էլ դրանք դառն են, այդուհանդերձ, այս ամենի մեջ, թող ներվի այսպես ասելը, հուսադրող ինչ-որ բան կա, երբ նայում ենք մարզչի անցած ուղուն: Այսպես` 1998-1999 թթ. մրցաշրջանում նրա գլխավորած «Բարսելոնը» տասը միավորով տասնչորսերորդն էր, սակայն դա կատալոնյան ակումբին չխանգարեց այդ նույն տարում դառնալ երկրի չեմպիոն: Տասնմեկ տարի անց, երբ վան Գալն արդեն Մյունխենի «Բավարիայում» էր, ակումբը տասներեք խաղից հետո յոթերորդ հորիզոնականում էր, մինչդեռ մրցաշրջանն ավարտեց առաջին հորիզոնականում:
Եթե հետևենք հայտնի անեկդոտի տրամաբանությանը, որտեղ թմրամոլը երեք անգամ ընկնում է ինըհարկանի շենքից ու երեք անգամ էլ անվնաս մնում, ապա պիտի ասենք` եթե այս մարզչի ղեկավարությամբ «Բարսելոնի» հետ առաջին անգամ պատահածը պատահականություն էր, «Բավարիայի» հետ եղածը` զուգադիպություն, ապա «Մանչեստր Յունայթեդը» փոսից հանելը բնավորություն դառնալու հայտի հավակնություն կունենա: Այնպես որ, նույն անեկդոտի տրամաբանությամբ, մնում է սպասել դեպքերի օրինաչափ զարգացումներին: Իհարկե, սրա համար հարկ է, որ հնարավորինս արագ շարք վերադառնան վնասվածք ստացած ֆուտբոլիստները, ակումբի նոր ձեռքբերումները` ի դեմս Ռադամել Ֆալկաոյի ու Անխել դի Մարիայի, արագ մերվեն թիմին:
Բազմաթիվ գործոններ կան թիմի ծռված մեջքը շտկելու համար: Տեսնենք դրա համար հոլանդացի մասնագետին ժամանակ կտա՞ն, թե՞ նրա գլխավերևում էլ «կփայլատակի» իր նախորդի` Դևիդ Մոյեսի խամրած աստղի հեռանկարը: Բոլոր դեպքերում ապրենք լավի ակնկալիքով, քանզի «կարմիր սատանաները» համաշխարհային ֆուտբոլի ինքնատիպ, այն էլ խոշոր վաստակ ունեցող կոլեկտիվներից մեկն է, և նրա հետ յուրաքանչյուր հանդիպում ֆուտբոլասերի համար հավասարազոր է եղել կատարյալ տոնի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ